Կառավարության նիստերի դահլիճում մայիսի 16-ին կայացավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը, որը ձայների մեծամասնությամբ (երկու դեմ և ութ ձեռնպահ) Տիգրան ՈՒրիխանյանին ընտրեց նախագահ: Կուսակցության համագումարին հրավիրված 1157 պատվիրակներից ներկա է եղել միայն 1017-ը, 1007-ը քվեարկեցին Տիգրան ՈՒրիխանյանի օգտին: Համագումարի ընթացքում հաստատվել է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, տեղի է ունեցել վարչության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն: Համագումարին հրավիրվել են ընդդիմադիր գործիչներ տարբեր կուսակցություններից, եկել են ԲՀԿ կուսակցությունից Վահան Բաբայանը, ԲՀԿ խմբակցությունից Մարտուն Գրիգորյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը, կոմունիստական կուսակցության անդամներ: «Ալյանսի» հիմնադիր համագումարին հրավիրված չէ ՀՀԿ-ն: ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԱԺ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ում իր մնալն այլևս աննպատակահարմար է, ընդունել է հազարից ավելի «ազնիվ ու պարկեշտ իր համախոհների» առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի: «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը:
ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ից հեռացած Տիգրան ՈՒրիխանյանի հիմնադրած «Ալյանսի» հետ, եթե ծրագրերը համընկնեն՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Կանոնադրական նորմերը ես կարդացի, բավականին դրույթներ կային, որ համընկնում էին մեր ծրագրային մոտեցումներին, բացառությամբ ազատական մոտեցումներին մի քիչ ավելի տեղ տալը: Մնում է, որ մնացածը թղթի վրայից վերածվի գործի։ Մենք քաջալերում ենք նման նախաձեռնությունները, որպեսզի ի վերջո երկրում ձևավորենք համերաշխության, հանդուրժողականության, դեպի ապագան միտված ծրագրեր»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ «Ալյանս» կուսակցության տեսակետները պահանջված են Հայաստանում: Նա հույս ունի, որ այս կուսակցությունը երկրում այնպիսի իրավիճակ կստեղծի, որ կուսակցություններն իրար հետ մրցակցեն ծրագրերով, ոչ թե «գրպանի պարունակությամբ»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում «Ժառանգության» համագործակցությունը Տիգրան ՈՒրիխանյանի «Ալյանս» կուսակցության հետ: «Կարծում եմ՝ կուսակցության համագումարին այսքան մարդկանց ներկայությունը ազդակ է, որ կուսակցությունը կարող է լավ մեկնարկ ունենալ: Կարծում եմ՝ այն կլինի համագործակցային ուժ, հնարավոր կլինի համագործակցել տարբեր խնդիրների հետ կապված: Ես ինքս իշխանափոխության կողմնակից եմ, համոզմունք ունեմ, որ նմանատիպ խնդիրների լուծման համար հնարավոր կլինի համագործակցությունը: Իհարկե, ես «Ժառանգության» անունից չեմ խոսում, կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել, բայց չեմ բացառում: «Ժառանգությունը» համագործակցային քաղաքական ուժ է, և բոլոր այն հարցրում, որտեղ կա համախոհություն, համագործակցում ենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Հարցին՝ արդյոք հնարավոր է համարում համաժողովրդական նոր շարժման ձևավորումը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ընդդիմադիր դաշտը հիմա շատ ակտիվ վիճակում չի գտնվում, վերագնահատումների փուլում է, բայց հետագայում ամեն տեսակի զարգացումներ հնարավոր են:
ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը ողջունում է ԲՀԿ-ից հեռացած Տիգրան ՈՒրիխանյանի՝ նոր կուսակցություն ձևավորելու նախաձեռնությունը. «Ողջունելի է, որ երիտասարդ քաղաքական գործիչները փորձում են ձևավորել ինքնուրույն քաղաքական թիմ, կամ քաղաքական գործընթացներում ձևավորել իրենց ինքնուրույն տեսակետները: Ողջունելի է երիտասարդ գործընկերների նման քայլը, մաղթենք հաջողություն»,- ասաց նա: Վահան Բաբայանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից համագումարին հրավիրված էր կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, սակայն կուսակցությունը որոշում է կայացրել, որ կմասնակցի ինքը:
ԲՀԿ-ից հեռացած Տիգրան ՈՒրիխանյանի «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը առաջարկում է շարունակել ոչ իշխանական քաղաքական ուժերի՝ աշնանը ստեղծած միասնական օրակարգը: Կուսակցության հիմնադիր համագումարում Տիգրան ՈՒրիխանյանն իր ելույթում նշեց, որ իրենք ցանկանում են շարունակել պահանջատիրությունը և համակարգային փոփոխությունների ճանապարհը: «Անցած տարվա վերջին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց մի իրավիճակ, երբ առաջին անգամ սոցիալական, տնտեսական լուրջ օրակարգ էր ձևավորվել քաղաքական ուժերի կողմից և ներկայացվել հանրությանը: Այդ օրակարգը բաղկացած էր յուրաքանչյուր քաղաքացուն հուզող խնդրից: Ինչ տեղի ունեցավ փետրվարին՝ հայտնի է բոլորին: Ցավոք, ընդդիմադիր, ոչ իշխանական ուժերի միավորումը տապալվեց, այնուհետև ապաակտիվացավ: Արդյոք չկա՞ անհրաժեշտություն համալրելու և ուժեղացնելու քաղաքական դաշտը: Կա: Արդյոք անհրաժեշտություն չկա՞ շարունակել ոչ իշխանական ուժերի սկսած գործը: Կա»,- ասաց ՈՒրիխանյանը։ Նրա խոսքով՝ երկրում տնտեսական անկման տեմպերի ինտեսիվությունը չի դադարել, ինչն էլ իրենց դրդել է ձևավորել այս կուսակցությունը և դրա օրակարգը. «Առանց խորանալու առկա վիճակի մեջ, որովհետև այն հայտնի է բոլորին: Բոլոր բացատրությունները առկա պրոբլեմների առթիվ տրվում են հետևյալ կերպ՝ չկան միջոցներ, չկա փող, շրջանառություն, հարկեր, աշխարհաքաղաքական դիրքն է դրա վրա ազդում»։ ՈՒրիխանյանն ընդգծեց, որ իրենց կուսակցության դռները բաց են բոլոր «կիրթ, ազնիվ սիրտ ունեցող, գիտելիքներով օժտված մարդկանց համար։
«Տեսնում եմ ընդդիմադիր քաղաքական դաշտը համալրելու և այն ուժեղացնելու անհրաժեշտություն: Ինչ կստացվի, չգիտեմ, բայց գիտեմ՝ մեր դռները բացվել են գիտելիքներով օժտված մարդկանց համար, որոնք կայացնելու են որոշումներ, գտնելու են լուծումների առաջարկներ, որոշումների կայացման դաշտում բերելու են իրենց ազդեցությունը: Միայն նրանց որոշելու հնարավորություն տալով՝ կարող ենք երկրում փոփոխություն ակնկալել»: